Մարդկանց թիվը, որ տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում, կարող է անցնել 1000-ը, կառավարության նիստից հետո «Ազատության» հարցին ի պատասխան ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«350 անձը, որ այդքան շահարկվեց, այս մասով 350 չէր՝ 460 էր և ավելի։ Այն 11 կազմակերպությունները, որոնք ևս պետք է հրավիրվեն, դրանց մասով թիվը կհասնի, կարծում եմ, 1000-ի կամ ավելի, չգիտեմ»,- պատասխանեց Վանեցյանը։
Լրատվամիջոցների տնօրենների հետ հանդիպմանը Արթուր Վանեցյանը
հայտարարել էր, որ Հայաստանում 350 մարդ կա, որ տեղյակ չէ, որ խոշոր գործարարությամբ է զբաղվում ու հարկեր չի մուծում՝ նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Հայտարարությունից օրեր անց ԱԱԾ-ն 350-ի փոխարեն 461 թիվը հրապարակեց։ Հարցին, թե ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին հարցաքննելու կարիք կա՞, Վանեցյանը պատասխանեց. «Քննության ընթացքը ցույց կտա»։